Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները։ Այս համատեքստում երկուստեք նշվել է խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով հակամարտության գոտում ռիսկերի նվազեցմանը և կայունության ամրապնդման ուղղված գործնական քայլերի իրականացման կարևորությունը։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ նման հռետորաբանությունը վտանգում է խաղաղ գործընթացը և խոչընդոտում վստահության մթնոլորտի ձևավորումը։
Միևնույն ժամանակ, վերստին ընդգծվել է բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի արդյունավետության բարձրացման համար։
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի և ՀՀ ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքին։ Կողմերը գոհունակությամբ են նշել նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը և գործնական բնույթը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Արցախի միջազգային կապերի և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համակարգված քայլերի շուրջ։