Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Արցախի նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հատուկ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ հռետորաբանությունը կողմերին զրկում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունից:
Նախագահ Հարությունյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցություններին Արցախի Հանրապետության` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: