Գետաշենում ավանդական բույսերի կողքին նաև տարաշխարհիկներն են աճում։ Խաչատրյան եղբայրներն իրենց տնամերձ հողերը փորձարարական այգու են վերածել և տանձ, խնձոր, սալորի կողքին նաև կիվի ու բանան են աճեցնում։ Եղբայրներից Ստյոպան բանանի առաջին շիվը երեք տարի առաջ է տնկել։ Մի քիչ էլ որ համբերի՝ պտուղը կվայելի։
Ստյոպա Խաչատրյան (Գետաշեն համայնքի բնակիչ) - Երեք տարի հետո բերք է տալու, իսկ սրանք երկու տարեկան են, հաջորդ տարի բերք կտան։
Իսկ մյուս եղբոր՝ Աշոտի այգում լայնատերև ծառերը երկրորդ տարին է՝ պտուղ են տալիս։ Ճիշտ է՝ անցած տարի չհասցրեց հասունանալ, որովհետև խոնավությունը քիչ էր, արևը՝ կիզիչ, բայց այս տարի լավ է՝ ջրի խնդիր չկա․ հողագործը կարողանում է բույսին անհրաժեշտ խոնավություն ապահովել։
Աշոտ Խաչատրյան (Գետաշեն համայնքի բնակիչ) - Մեր մոտ վեգետացիան 3 ամիս է, իսկ իմ կարծիքով՝ 8 ամիս է պետք, որ հասունանա։
Եղբայրները բանանի բիզնեսի նպատակներ չունեն։ Երբ կկարողանան խոնավասեր բույսի առատ բերքատվություն ապահովել նաև Արարատյան դաշտի չոր պայմաններում, այն ժամանակ էլ կմտածեն տեղական բանանի վաճառքի մասին։ Մեծ ներդրումներ չպահանջող բույսը, սակայն, մշտական խնամք է ուզում՝ ամբողջ տարին։
Մարիամ Վարդանյան (Գետաշեն համայնքի բնակիչ) - Հաճախակի ջրում ենք, գոմաղբով ենք սնուցումը կատարում: Աշնանը տերևները թափվում են, մնում է հաստ ցողունը, իսկ դա կարելի է պահպանել։
Խաչատրյանների «ինտերնացիոնալ» այգու նորեկներից է նաև «վիտամինային ռումբը»՝ կիվին։ Խաղողի վազի նմանությամբ բույսը թեև դժվար է հարմարվում Արարատյան հարթավայրի չոր կլիմային, այգետերերը չեն հուսահատվում, հավատում են, որ մի օր էլ հայկական կիվիի պտուղներն են համտեսելու։
Եղբայրները Արարատյան դաշտի նորեկ բույսերը նաև նվիրում են։ Գետաշենում, որտեղ ապրում են, շատերին են բաժանել։ Բայց, ասում են՝ միայն դպրոցում են կարողացել գլուխ հանել։