Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը հստակ է՝ խաղաղ բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածություն, ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախի անվտանգային համակարգի կայունություն: Արցախ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ԱԳ նախարարը նշել է, որ պետք է հասնենք այնպիսի լուծման, որն ընդունելի է բոլոր երեք կողմերի համար: Արցախի կողմի մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացում կարևորագույն խնդիրներից մեկն է և ամենից զատ դա պրակտիկ խնդիր է, քանի որ հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդմանը
Զոհրաբ Մնացականյան-Արայիկ Հարությունյան հանդիպմանը մասնակցել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում Երևանի և Ստեփանակերտի միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատել է՝ Ստեփանակերտը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը:
Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո Մնացականյանը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում խորհրդարանականների հետ: Գլխավոր հարցը Արցախի խորհրդարանի ղեկավարն է ուղղում. ի՞նչ արդյունքներ կան Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին տեսակոնֆերանսից:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատում է՝ Արցախի ժողովրդի ընտրած իշխանությունը լիազորված է անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու բանակցային խաղաղ գործընթացը, և որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, գործնական առումով, իրական առաջընթացն անհնար է: