Արցախի կառավարությունը խթանում է տեղական բանջարեղենի արտադրությունը: Կես և ավելի հեկտար բանջարեղեն մշակողներին գյուղատնտեսության նախարարությունը 1 հեկտարի հաշվով աջակցում է 300 հազար դրամով: 2019-ի համեմատ աջակցությունը զգալի ավելացել է: Նախորդ տարվա թվերը ներկայացնում է գյուղնախարարության պաշտոնյան:
Արցախի ԳՆ բուսաբուծության վարչության պետ Արամ Բադալյանը նշում է, որ առանձին դեպքերում կարտոֆիլի մշակության համար 1 հեկտարի հաշվով տրամադրվում էր 150 հազար դրամ, խառը բանջարեղենի դեպքում՝ մինչև 200 հազար դրամ, իսկ եթե ունենում են առանձին դեպքեր, երբ զբաղվում են միայն լոլիկի մշակությամբ, այդ դեպքում՝ 250 հազար դրամ:
Բանջարեղենի ցանքսերում աշխատուժի կարիքը մեծ է: Ծրագիրը կազմելիս գործադիրը նաև դա է հաշվի առել: Օրինակ՝ 10 հեկտար սոխի դաշտում մինչև 50 բանվոր է աշխատում:
Աշխղեկ Արթուր Ռամազյանն ասում է, որ ժամը 8-ին մտնում են դաշտ, աշխատանքը սկսվում է և շարունակվում է մինչև ժամը 17.00-ը: Մեկ ժամ ընդմիջում՝ 13:00-14:00-ը, և դրա դիմաց վճարում են 6 հազար դրամ:
Բարենպաստ եղանակի և ճիշտ մշակության դեպքում հեկտարից մինչև 60 և ավելի տոննա սոխ են հավաքում Արցախում: Սորտավորող սարքի օգնությամբ գործն ավելի հեշտ է ստացվում: Շատ դեպքերում հողօգտագործողը տեղում է իրացնում բերքը:
Արթուր Ռամազյանն ասում է, թե խանութի աշխատողներն ասում են՝ դուք մի բերեք, ես ուզում եմ գալ, իմ աչքով տեսնել, և գալիս տանում են:
Շուրջ տարին տեղական բանջարեղեն ունենալու համար Արցախի գյուղնախարարությունը նաև չջեռուցվող ջերմոցներին է աջակցում: Մենատնտես Արմեն Ամիյանը 1300 քմ մակերեսից օրական 300 կգ վարունգ է հավաքում: Տարվա ընթացքում երեք անգամ բերք է ստանում:
Արմեն Ամիյանն ասում է, որ սերմից մինչև շուկա ինքն է կատարում: Բայց ուզում են նոր աշխատատեղեր բացել, ծրագրում կա մինչև մեկ հեկտար պատրաստ են ջերմատան կառուցման: Հիմա այդ ծրագրի վրա է աշխատում:
Արցախում լայն թափ է առնում ջրախնայող համակարգերի ներդնումը: Ոռոգման կաթիլային համակարգերի տեղադրման դեպքում գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդավորում է ծախսերի գրեթե կեսը:
Արցախի ԳՆ բուսաբուծության վարչության պետն ասումէ, որ ծրագրի շրջանակներում մեկ հեկտարի առավելագույն չափը, համակարգի արժեքի չափը կազմում է մինչև 1,5 միլիոն դրամ, որը գերազանցելու դեպքում ավելացված գումարի չափը պարտավորվում է մարվել հողօգտագործողի կողմից:
Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրից 2019-ին Արցախում օգտվել է 149 քաղաքացի՝ ընդհանուր 232 հա մակերեսով հողատարածքի համար: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շահառուները 180-ն են՝ 307 հա մշակման մակերեսով, չհաշված ջերմատները: