Մարտունիում և Վարդենիսում տնտեսավարողները պարետի սահմանած անվտանգության կանոններն այժմ ավելի բարեխղճորեն են պահպանում․ այս պատկերն է արձանագրվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցի արդյունքում։ Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերում նախորդիվ կատարված մշտադիտարկումներն ավելի մեծաթիվ խախտումներ էին գրանցել։
Այսուհանդերձ, այսօրվա ստուգայցն առավելապես ախտահանման աշխատանքներին առնչվող մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։ Դիտարկված տնտեսավարողներին տրամադրվել է խորհրդատվություն, տրվել է խախտումները վերացնելու ցուցում։
Առհասարակ, տեսչական մարմնի դիտարկումների ամփոփ պատկերը երկրի ողջ տարածքում խախտումների նվազման դրական դինամիկա է արձանագրում։ Դրա մասին է վկայում նաև կասեցման ուղարկվող արձանագրությունների թվի նվազումը։
Դիտարկումներն ընդգրկում են ՀՀ ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առևտրի և սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական և գեղեցկության կենտրոններ և այլն։
ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը․ չպահպանելու դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։