Համավարակի տարածումը, հակահամավարակային միջոցառումները, տնտեսական սահմանափակումները, եկամուտների նվազումը, այդ թվում՝ մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը, ինչպես նաև անորոշության կտրուկ աճի պայմաններում սպառման և ներդրման որոշումների հետաձգումը այն գործոններն են, որոնք էականորեն կթուլացնեն ՀՀ տնտեսական ակտիվությունը: Այդ մասին նշված է ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում (2-րդ եռամսյակ, 2020):
Ենթադրվում է, որ վերոնշյալ գործոնների ազդեցությունը աստիճանաբար կչեզոքանա միայն 2020 թվականի երկրորդ կեսից սկսած, ինչի արդյունքում ՀՀ տնտեսական աճը 2020 թվականին կլինի բացասական տիրույթում՝ կազմելով -4.0%: Անկումը հիմնականում պայմանավորված կլինի մասնավոր ծախսումների նվազմամբ, իսկ պետական ծախսումների նպաստումը տնտեսական աճին կլինի դրական:
Ըստ ԿԲ գնահատումների՝ մասնավոր սպառման նվազումը կկազմի 6.3%, իսկ մասնավոր հիմնական միջոցների համախառն կուտակման նվազումը՝ 14.7%: Զուտ արտահանման նպաստումը կլինի դրական, թեև ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն:
Հարկ է նշել, որ որ համաճարակի տևողությունը և դրա հետ կապված բացասական զարգացումները մնում են մեծապես անորոշ և հանդիսանում են տնտեսական աճի հիմնական նվազման ռիսկերը կանխատեսվող հորիզոնում: Կանխատեսվող հորիզոնում մասնավոր ծախսումները կարագանան և կհանդիսանան տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը: Ավելի դանդաղ կվերականգնվեն արտահանման և ներմուծման ծավալները՝ պայմանավորված միջազգային զբոսաշրջության դանդաղ վերականգնմամբ, այնուամենայնիվ, տնտեսական աճին զուտ արտահանման նպաստումը կպահպանվի դրական տիրույթում: Ակնկալվում է, որ տնտեսական աճի վերականգնման հետ մեկտեղ պետական ծախսումների նպաստումը կփոքրանա:
2020 թ․ կանխատեսումները վերանայվել են՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության խոր անկման նոր կանխատեսումներով, ինչպես նաև ներքին տնտեսության նվազման վերանայումներով։ Այսպես՝ կանխատեսվում է ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների նվազում՝ 12.0-15.0% միջակայքում։ Վերջինս, համաշխարհային տնտեսության պահանջարկի անկման հետ մեկտեղ, կպայմանավորվի գործընկեր երկրների կողմից կիրառվող համավարակի կանխարգելման միջոցառումներով։ Սպասվում է միջազգային զբոսաշրջության ծավալների զգալի նվազում։ Ներքին տնտեսության նոր կանխատեսումներին համահունչ՝ ապրանքների և ծառայությունների իրական ներմուծման ծավալները կկրճատվեն, ինչը կգտնվի 15.0-17.0% միջակայքում։
Կանխատեսվում է, որ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները էապես կնվազեն՝ պայմանավորված նավթի գների կտրուկ անկման պարագայում Ռուսաստանի տնտեսության զգալի կրճատմամբ։ Դրամական փոխանցումների նվազման վրա էական ազդեցություն կունենան Ռուսաստանի կողմից միգրացիոն մուտքերի ժամանակավոր սահմանափակումները։ Մասնավոր փոխանցումների նվազումը կլինի 22.0-25.0% միջակայքում, սակայն հարկ է նշել, որ նախորդ տարիների համեմատ այդ նվազման ազդեցությունը ՀՆԱ-ի վրա անհամեմատ փոքրացել է։
Նշված կանխատեսումների պարագայում 2020 թ․ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2019 թվականի համեմատ կբարելավվի՝ գտնվելով 6.0-7.0% միջակայքում:
Միջնաժամկետ հատվածում, արտահանման առաջանցիկ աճի արդյունքում, ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կկայունանա գնահատվող 3.0-5․0% հավասարակշիռ մակարդակի սահմաններում: