Քաղաքացիների կուտակումները հատկապես զբոսայգիներում անհամեմատ նվազել են: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների զբոսայգիներում իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում: Վերջին երեք օրվա ընթացքում վարչական իրավախախտման ոչ մի դեպք չի արձանագրվել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեսչական մարմինը երկրորդ ստուգայցն է կատարում: Մեկ շաբաթ առաջ նույն զբոսայգում քաղաքացիներին, որոնք դիմակը սխալ էին կրում, խորհուրդ են տվել ուղղել, իսկ այն քաղաքացիները, որոնք կրել են կտորից դիմակ, չեն առարկել տեսչական մարմնի խորհրդին՝ ցանկալի է կտորից դիմակի փոխարեն կրել բժշկական դիմակ, քանի որ դրանք ավելի անվտանգ են:
Տեսչական մարմինը մշտադիտարակում է նաև մարզերի բոլոր համայնքների զբոսայգիներն ու մշակութային կենտրոնները, թանգարանները. պարտադիր է նաև սոցիալական հեռավորության պահպանումը: Վերջին մեկ շաբաթվա տվյալները վերլուծելով, եզրակացրել են՝ բոլոր կենտրոններում խստիվ պահպանվում են պարետի ցուցումները:
Օրվա տարբեր ժամերին տեսչական մարմնի տեսուչներն այցելում են տարբեր վարչական շրջաններ: Զբոսայգիներում քաղաքացիները հիմնականում մարզվում են՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Նրանց ևս տրամադրում են բժշկական դիմակներ՝ կոչ անելով՝ դիմակ կրել և կյանքեր փրկել: