ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամանքները, հաղորդում են ՔԿ տեղեկատվական բաժնից։
Նախնական տվյալներով՝ 2020 թ. հուլիսի 3-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի շենքերից մեկի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ` պատճառելով մարմնական վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 28-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել վկաներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: