Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի այցը Տաշիրի տարածաշրջան Սարատովկա բնակավայրի զբոսաշրջային գրավչությունները բացահայտելու նպատակ ուներ՝ տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։
Սարատովկան հիմնադրել են մոլոկանները՝ 1910թ.։ Մոլոկանները վտարանդի ռուսներ են, որոնց Եկատերինա կայսրուհին աքսորել էր կրոնական պատկանելության պատճառով։
Հետագա տարիներին համայնքը համալրվել է հայազգի բնակչությամբ: Թեև այսօր համայնքում ռուսներ գրեթե չեն մնացել, սակայն պահպանվել են ռուսական կոլորիտով տները՝ նախնական տեսքով:
Սարատովկայում ամենագերողը բնությունն է և այստեղ տիրող լռությունն ու խաղաղությունը, ամեն քայլափոխի սյուներին բույն դրած արագիլների կափկափոցը, ծառերի մեղմ սոսափը:
Բնակավայրի վարչական ղեկավարի ուղեկցությամբ մարզպետի տեղակալը եղավ նաև բնակավայրից քիչ հեռու գտնվող սպիտակաթույր շուշանների լճի տարածքում և իր զարմանքն արտահայտեց, որ համայնքը չի օգտագործում իր զբոսաշրջային հնարավորությունները, բնության կողմից տրված մեծագույն հարստությունները: Քիչ հեռու ևս երկու լիճ կա, որոնք նույնպես գերում են իրենց գեղեցկությամբ և այստեղ լողացող վայրի բադերի առատությամբ: Տեղի բնակչությունը զբաղվում է խոտաբույսերի, սնկի, մորու հավաքչությամբ: Այստեղ նաև տորֆի արտադրամաս է գործում:
Գ. Մարկոսյանը զբոսաշրջությունն ակտիվացնելու մի քանի առաջարկ է արել, որոնք հետագայում առավել հանգամանորեն կքննարկվեն մարզի ղեկավարի և համայնքապետի հետ, իսկ մինչ այդ բոլորին հրավիրում ենք Սարատովկա՝ Լոռու չբացահայտված անկյուններից մեկը, նշված է մարզպետարանի հաղորդագրությունում։