Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020 թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում պետք է տեղի ունենար Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունը։ Հավելենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը օրերս ՍԴ-ից հետ վերցրեց իրենց դիմումը, սակայն ՍԴ-ի վարույթում կա ևս մեկ դիմում, որը 2019 թվականի մայիսի 18-ին ներկայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը նույն օրը որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին նույն Դավիթ Գրիգորյանը կասեցրեց գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։