Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման և դիերի տեղափոխման պրոցեսում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով նախօրեին գյումրեցի կնոջ դիակի կորելու հանգամանքին, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Շփոթմունքն ուղղվել է, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում պարզվել է՝ չի ճանաչել, նրանք ներողություն են խնդրել»,- նշեց նա:
Հարցին՝ արդյոք նախարարն այդքան ժամանակ ունի՞ հետևելու քաղաքական գործիչների աշխատանքին, Թորոսյանը պատասխանեց. «Այո, ես ունեմ ժամանակ հետևելու քաղաքական գործիչների գործունեությանը, առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է և միշտ քաղաքական հայտարարություններ է անելու, խնդրում եմ այդ հարցն այլևս չտաք»:
Անդրադառնալով կորոնավիրուսի հարցով ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովին՝ նախարարն ասաց, որ ինքն անձամբ պատրաստ է գնալ և պատասխանել բոլոր հարցերին: «Հանձնաժողովի ստեղծումը քաղաքական ուժերի ցանկությունն է, սակայն իմ գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով բավական լավ պայքարել է այդ համաշխարհային մարտահրավերի դեմ»,- նշեց նա: