Երբ ֆիքսենք՝ ինչ ասել է ցանկալի արդյունք, կարող ենք խոսել այն մասին՝ արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարում Կառավարության քայլերն արդյունք տալի՞ս են, թե՞ ոչ. հիվանդանոցներում բուժվող բոլոր քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, ուստի այդ առումով Կառավարության ջանքերը ողջամիտ և տեղին են: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ինչ վերաբերում է նրան, որ թվերը, ցավոք, չեն իջնում, կախված է ոչ միայն Կառավարության քայլերից, այլև բոլորիս վարքագծից: Պայթյունավտանգ իրավիճակ չունենք, բոլոր կանխատեսումներով՝ հիմա պետք է ունենայինք 30 հազարից ավելի վարակված, այս պահին ունենք 27 հազար: Այսինքն՝ մենք ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը հունիսի կեսից սկսած»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով քաղաքացիների դժգոհությանը, որ իրենց չեն հոսպիտալացնում, մինչև թեստի պատասխանը չի ստացվում, Ա.Թորոսյանն ասաց. «Մենք գտնվում ենք համաճարակի մեջ, ինչը եռակի-քառակի բեռ է առողջապահական համակարգի վրա, այսօր հստատված՝ տանը սպասող 2 դեպք ենք ունեցել՝ երեկվա 20-ի համեմատ, ինչը նշանակում է՝ այսօր իրավիճակն ավելի լավ է, քան երեկ»,- նշեց նա: