2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 25 դիմորդներից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել 7-ը, իսկ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 3 դիմորդից 1-ը (մյուս հայտատուները չէին ներկայացել)։
«Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով որակավորման հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացած հայտատուներն ընդգրկվել են դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուների համապատասխան ցուցակներում։
Մրցութային ողջ գործընթացն անցել է hրապարակայնության և թափանցիկության պայմաններում։ Հիշեցնենք, որ այդ նպատակով, ի կատարումն օրենսդրության պահանջների, բաց մրցույթներն անցկացնող որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի հրամաններով նախապես համալրվել է միջազգային և տեղական ոլորտային մեկական փորձագետներով, որոնք գործընթացում ներգրավվել են հասարակական հիմունքներով:
Հուլիսի 6-ից դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ՀՀ արդարադատության ակադեմիայում կանցնեն 8-շաբաթյա համապատասխան ուսումնառության ծրագիր, որն ավարտելուց հետո ցուցակում ընդգրկված անձինք ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով կհամալրեն ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների հաստիքները։
Օրենքով սահմանված կարգով ՀՀ Գլխավոր դատախազը նշանակում կկատարի նաև ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի նորաստեղծ պաշտոնում։