Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է կորոնավիրուսային սահմանափակումների վերականգնման մասին՝ հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Նեթանյահուի՝ երկիրը ստիպված է վերադառնալ սահմանափակումների քաղաքականությանը COVID-19-ի դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով: «Շաբաթվա սկզբին մենք ունեցել ենք օրական մոտ 450 դեպք, այժմ՝ գրեթե 1000-ը: Հիվանդների թիվը կրկնապատկվել է, աճում է նաև լուրջ հիվանդների թիվը»,- ասել է Իսրայելի առաջնորդը:
Սերբիայի Նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ արտակարգ իրավիճակ է հայտարարել մայրաքաղաք Բելգրադում՝ COVID-19-ի աճող դեպքերի պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
Նախագահը հայտարարել է, որ իշխանությունը տուգանքներ է սահմանելու փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ չկրելու համար, փակվելու են գիշերային ակումբներն ու ուսանողական հանրակացարանները: Ըստ նրա՝ վարակի հիմնական օջախը Բելգրադն է, «որտեղ գրանցված է հիվանդների 82,5%-ը»:
Իսկ Ուկրաինան ավելի է խստացնում կարանտինային միջոցառումները: Կորոնավիրուսի պատճառով լարված վիճակ է հատկապես երկրի արևմտյան շրջաններում:
Հունիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորոնավիրուսի տարածման տեմպը երկրում համարեց չափազանց արագ և կոչ արեց նախապատրաստվել համաճարակի երկրորդ ալիքին: Մի շարք շրջաններում հիվանդանոցային մահճակալների մինչև 70 տոկոսը զբաղված է COVID-19-ի հիվանդներով: «Ես դեռ հույս ունեմ, որ մենք կկարողանանք շրջանցել ամենավատ սցենարը: Բայց առողջապահության համակարգը պետք է պատրաստ լինի ամեն ինչին»,- զգուշացրել է Զելենսկին: