Հոլանդական «Արխիդաչ» ընկերությունը, ընդառաջ գնալով Լոռու մարզպետարանի առաջարկությանը, պատրաստակամություն է հայտնել գործընկերային հիմունքներով պատրաստել Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը:
Ընկերության ներկայացուցիչների հետ հետագա քայլերը քննարկելու նպատակով այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեսակապի միջոցով քննարկում են անցկացրել ընկերութան հիմնադիրներ Նատաշա Միրզոյանի, Լաուրենս Լիքեթի, ընկերության գլխավոր ճարտարապետ Արամ Սաղաթելյանի և տնօրեն Կարինե Աբրահամյանի հետ:
Ողջունելով նրանց՝ մարզպետը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նախորդ տարեվերջին Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերի քննարկման շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ներդրումներ իրականացնել և վերակառուցել նաև Սայաթ-Նովայի անվան զբոսայգին:
Այս ընթացքում «Սոլար գրուպ» ընկերության հետ համագործակցության արդյունքում մարտ ամսին իրականացվել է այգու սահմանների ճշգրտման, սահմանանիշերի տեղադրման, մանրազնին չափագրման, գույքագրման և քարտեզի վրա գույքի (շենք շինություններ, մայթեր, ծառեր) տեղադիրքի որոշման/տեղորոշման աշխատանքներ: Այժմ հարցն առավել առարկայական քննարկելու համար զբոսայգուն 3D մոդելավորմամբ նախագծի պատրաստման անհրաժեշտություն է առաջացել:
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ, որ պատրաստակամություն հայտնեցիք աջակցելու մեզ այս կարևոր հարցում»,- ասել է մարզի ղեկավարը:
Նա նաև ներկայացրել է իր մտահղացումներն այգու ապագա տեսքի և բովանդակության հետ կապված՝ կարևորելով այգու նախկին տեսքին ու ոգուն հավատարիմ մնալու սկզբունքի պահպանությունն ու նորարարական լուծումների համադրումը:
Քննարկման արդյունքում երկուստեք հավանության է արժանացել առաջարկը՝ նաև ֆեյսբուքյան էջի միջոցով հավաքագրելու վանաձորցիների կարծիքներն այս հարցի վերաբերյալ, որոնք կհամադրվեն մարզպետարանի կողմից պատրաստվելիք առաջարկությունների փաթեթի հետ և կներկայացվեն ընկերությանը: