Հայաստանը մասնակցել է հուլիսի 2-3-ը կայացած Եվրոպական միության Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին:
Միջոցառումը, որին մասնակցում էին 400-500 երիտասարդ առաջնորդներ և
ակտիվիստներ Եվրոպական աշխարհամասի տարբեր անկյուններից և հատկապես Արևելյան գործընկերության երկրներից, այդ թվում և Հայաստանից, նպատակ ունի քննարկել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև երիտասարդության քաղաքականության ոլորտում գործընկերության ընթացքը, խթանել երիտասարդների և քաղաքականություն մշակողների միջև երկխոսությանը և նպաստել փորձի փոխանակմանն ու հետագա համագործակցության կայացմանը: Այս քննարկման առանցքային թեմաներն էին՝ «Երիտասարդների ներգրավվածությունը ԱլԳ-ում. ներկայի ուսումնասիրումը և ապագայի կողմնորոշումը», «Երիտասարդական քաղաքականության երկխոսության ապագան Արևելյան գործընկերությունում» և «Խթանելով երիտասարդության զբաղվածությունը և ձեռներեցությունը»:
Քննարկմանը մասնակցել և ելույթով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության (DG NEAR) արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Լոուրենս Մերիդիթը, ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհելյին, ԵՄ արևելյան հարևանության հարցերով գլխավոր փոխտնօրեն Կատարինա Մատերնովան, Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի տնօրենը և այլք, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդության քաղաքականության ոլորտը համակարգող նախարարությունների ներկայացուցիչներ (նախարարի տեղակալներ):
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին միջոցառման կազմակերպման համար: Իր ելույթում նա խոսել է ՀՀ-ում երիտասարդների զբաղվածության խնդիրների մասին՝ ներկայացնելով պետության կողմից ներկայում արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև պլանավորման մեջ գտնվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական կրթության խթանմանը, կրթություն–աշխատաշուկա կապի ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը ավագ և միջին դպրոցում, ապագայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ներդրմանը ՄԿՈՒ հաստատություններում, բուհերում և այլն: Նա մասնավորապես շեշտել է, որ նոր մոտեցում է ձեռնարկատիրական գործունեության մասին տեղեկատվության ներառումը ներկայում բարեփոխվող Հանրակրթության պետական չափորոշիչում: Իր խոսքում Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանին կրթության և երիտասարդության
ոլորտում անհրաժեշտ գործիքակազմով օժանդակության համար: