Դատարան հրավիրվել եմ վկայի կարգավիճակով, պատասխանել եմ կողմերի հարցերին՝ բավականին երկար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատական նիստից հետո:
«Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսների մասին եմ պատմել, որոնք կարող են փոփոխություն մտցնել գործի մեջ: Ցուցմունքս սկանդալային չեմ կարող բնորոշել, բայց կարծում եմ, որ նոր հանգամանքներ ի հայտ եկան, և դատարանը կորոշի՝ ինչ անել դրանց հետ»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով նախարարի նախկին տեղակալին առաջադրված մեղադրանքին՝ կաշառք վերցնելու հանգամանքին, Ա.Թորոսյանն ասաց. «Ես ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ կաշառք վերցնելու վերաբերյալ, դա դատարանը կորոշի: Ես այն ժամանակ էլ դատապարտել եմ նման գործելաոճը և հիմա վերահաստատում եմ. առողջապահության նախարարության որևէ աշխատակից իրավունք չունի ֆինանսական հարաբերությունների մեջ մտնել: Այդ մասին ես միջնորդավորված փոխանցել եմ նաև Ռազմիկ Աբրահամյանին՝ նշելով, որ դա անընդունելի է»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ առողջապահության նախարարը դատարանում է, հարցաքննվում է որպես վկա: