Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, սկսել է տրամադրել հիսուն հազարական դրամի չափով ֆինանսական օժանդակություն քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց։
Նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաև նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների և, հետևաբար, COVID-19-ի նկատմամբ: Դրամական օժանդակությունը կօգնի շահառուներին հոգալու բժշկական և հիգիենայի հրատապ կարիքները:
Ֆինանսական աջակցությանը զուգահեռ ԿԽՄԿ-ն սահմանել է նաև շուրջօրյա «Թեժ գիծ» բնակչության վերոնշյալ խմբի համար և ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։
Փոստային ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրականացնում են դրամի բաշխումը, նույնպես տրվել են ալկոգել, ձեռնոց և դիմակներ: