«Այսօր Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում խուզարկությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում»,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:
«Արտառոց ոչինչ չկա, քրեական գործի շրջանակներում իրականացվում է հերթական քննչական գործողություններից մեկը»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: ՔԿ-ում հարուցված քրեական գործով Ռուբեն Հայրապետյանին ու որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Հարսնաքարում» խուզարկության մասին այսօր ավելի վաղ հայտարարել էր նաև Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը՝ տեղեկացնելով, որ ի թիվս այլնի, առգրավվել են նաև ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական և այլ փաստաթղթերը, համակարգիչները: