Հուլիսի 2-ին Սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի տոնը Թբիլիսիում նշվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն ավանդական այցելությամբ:
Այստեղ էին հավաքվել Վիրահայոց թեմի կրթության բաժնի «Սբ Մովսես Խորենացի» նախակրթարանի, «Սբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սբ Եղիա մարգարե» կիրակնօրյա հայերենի ուսուցման վարժարանների սաները, ուսուցիչներ, ծնողներ: Ներկաները ծաղիկներով զարդարեցին այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների տապանաքարերը:
Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ հայոց մեծերի հոգու խաղաղության համար:
Հավարտ արարողության հոգեշնորհ հայր սուրբը խոսեց օրվա խորհրդի մասին և Թարգմանչաց տոնն անվանեց հայ ժողովրդի ինքնության, գիտության, կրթության ու հավատքի տոն, ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ և հորդորեց ապրել թարգմանիչների կողմից ստեղծված հայոց գրերի հպարտությամբ, հայի ինքնության պարծանքով:
Թեմի առաջնորդական տեղապահը օրվա խորհուրդը շաղկապեց Վիրահայոց թեմի կրթության բաժնի աշխատանքների հետ, որի արդյունքում բազում հայորդիների հնարավորություն է ընձեռվում սովորելու մեսրոպատառ հայերենը, մերձենալու ազգի և եկեղեցու պատմությանը: Արժևորեց կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, վաստակաշատ ուսուցիչներ Ռոզա Զոհրաբյանի, Թամարա Գաբոյանի, Ռևիկ Կարապետյանի, նախակրթարանի ուսուցիչներ Մետաքսյա Ղազարյանի, Լիա Խիթարիշվիլու և մյուսների անբասիր աշխատանքը մայրենին ուսուցանելու, ազգասիրության և հայրենասիրության ոգի ներշնչելու համար, նախակրթարանի սաներին շնորհավորեց հայերենով աղոթք ասելու և հայոց դպրոցում ուսումնառությունը շարունակելու կապակցությամբ:
Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան բացօթյա միջոցառմանը ներկա Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Երկուստեք արժևորելով ավանդական միջոցառման նպատակը, հորդորեցին ծնողներին իրենց զավակներին տալ մայրենիով կրթություն, որը նաև մայրենիով մտածելու, ազգի պատմությամբ և մշակույթով հպարտանալու, ազգի առաջընթացով ապրելու նվիրում է, հայրենասիրություն է, ազգասիրություն, հավատարմություն քրիստոնյա հավատին և Հայոց Եկեղեցուն:
Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, ներկայացնելով համավարակի հետ կապված կրթության բաժնի աշխատանքների փոխված ձևաչափը, նշեց, որ ընթացիկ տարի «Սբ Մովսես Խորենացի» նախակրթարանի 23 շրջանավարտից 15-ը ուսումնառությունը կշարունակի հայալեզու կրթությամբ դպրոցներում, ինչը անվանեց նախակրթարանի նպատակային հաղթանակ, իսկ հայերենի ուսուցման վարժարաններն իրենց դասընթացն իրականացրել են առցանց:
Հավարտ միջոցառման «Սբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաներին և մեկօրյա վարժարանների առցանց դասընթացին ակտիվ մասնակցողներին Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ բաժանվեցին ավարտական վկայականներ և շնորհակալագրեր: Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ արտասանություններով, որ տոնական օրվա առթիվ պատրաստել էին նախակրթարանի և մեկօրյա դպրոցների սաները: