2016 թ. հուլիսի 3-ին Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց. մարտական դիրքում հայտնաբերվել է շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։
Դեպքից 4 տարի անց չկա մեղադրյալ կամ կասկածյալ։ Ըստ փաստաթղթերի՝ ականատես չկա, կրակոցի ձայնը ոչ ոք չի լսել: Իսկ փամփուշտը անհետացել է։ Բժշկական համալսարանում սովորող Արսենը տան միակ որդին էր: Մայրը տարիներ շարունակ քրեական գործից նոր բացահայտման էր սպասում. այդպես էլ չեղավ: Հույսը կրկին արթնացավ, երբ այս տարվա մարտին Արսենի մայրն ու զոհված զինծառայողների ևս 7 ծնող, հանդիպեցին վարչապետ Փաշինյանին ու համատեղ խումբ ստեղծելու պայմանավորվածություն ձեռք բերեցին:
Լուսինե Մխիթարյան, զոհված զինծառայող Արսեն Մխիթարյանի մայրը - Մեծ հույս ունեմ, որ ինչ-որ առաջընթաց կլինի, ճշմարտությունը կբացահայտվի:
Համավարակի պատճառով հանդիպումը փոքր-ինչ ուշացավ, բայց հարցի հրատապությունը թելադրեց չսպասել համավարակի հաղթահարմանը: Հունիսի 18-ին վարչապետը ծնողների հետ կրկին հանդիպեց՝ վաստահեցնելով՝ հարցը հուզում է ոչ միայն ծնողներին, այլև Կառավարությանն ու հանրությանը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Արդյունքում ինչ պատասխան էլ ստացվի, բոլորս ի գիտություն ընդունենք այդ պատասխանը և առաջնորդվենք այդ պատասխանով: Մենք պայմանավորվել ենք, որ դուք պետք է ներկայացնեք ձեզ համար վստահելի փաստաբանական խումբ, իմ կողմից նույնպես պետք է ներկայացված լինեն փաստաբաններ, և այդ հարցերի պատասխանը պետք է ստանանք:
Լուսինե Մխիթարյան - Ցանկանում եմ վստահել, հույս ունեմ, որ դրական արդյունք կստանանք, թե չէ՝ մեր դատաիրավական համակարգում ոչ մի փոփոխություն չկա: Հույս ունեմ, քանի որ վարչապետն ինքն էլ շահագրգռված է, որ գործերը բացահայտվեն:
Վարչապետը ծնողներին ասաց՝ որպեսզի տեղապտույտի վիճակ չլինի, աշխատանքային խումբը պետք է գործի անկախ կարծիքներից, համոզմունքներից ու ցանկություններից: Հակառակ դեպքում՝ վտանգ կա, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանա:
Նիկոլ Փաշինյան - Այսպես մենք խնդիրը ոչ միայն չենք լուծի, այլև կխորացնենք: Արդյունքում կստացվի, որ մենք այսքան աշխատեցինք ու արդյունքի չհասանք:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև՝ խմբում ներառել զոհված զինծառայողների իրավահաջորդների համար վստահելի և վարչապետի առաջադրած 3-ական իրավաբանի:
Լուսինե Մխիթարյան - Խումբը ձևավորվել է, 8 գործ պետք է քննվի: Մենք մեր վստահությունը հայտնեցինք վարչապետին, որ գործընթացն սկսի:
Առաջինը կքննվի 13 տարի առաջ զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործը: Մյուսներինը՝ ըստ հերթականության։
Աշխատանքային խումբը կուսումնասիրի 8 քրեական գործ։ Յուրաքանչյուր գործով հանդիպում կլինի զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն կներկայացվի վարչապետին: