Եվրամիության հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում այս ամառ ռեկորդային քանակությամբ թվային միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանի ամբողջ տարածքում:
Ընդհանուր թվով 15 քաղաքապետարանները կազմակերպել են 28 վիրտուալ միջոցառում, այդ թվում՝ էսսեների մրցույթներ, նկարչության և լուսանկարների մրցույթներ, վեբինարներ ու առցանց թեստեր, քաղաքապետների հետ հարցազրույցներ և հաջողված նախագծերի մասին իրազեկման արշավներ:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը Եվրոպայում վերականգնվող էներգիայի աղբյուրների ու էներգաարդյունավետ սպառմանը նվիրված խոշորագույն միջոցառումն է, որը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում՝ «Ճգնաժամից անդին. մաքուր էներգիա՝ հանուն կանաչ վերականգնման և աճի» խորագրով: