Մաքուր ու անվտանգ շրջակա միջավայր` առանց պլաստիկի: Միջազգային հանրությունը հուլիսի 3-ը հռչակել է Առանց պոլիէթիլենային տոպրակների օր: 1lurer.am-ի հետ զրույցում «Էկոաղբ» ՀԿ-ի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներից շատերի մոտ նկատելի է իրազեկվածության աճն ու աղբը տեսակավորելու, պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու ցանկությունը:
«2018 թվականին մենք սկսեցինք տեսակավորման խնդիրը բարձրաձայնել հենց քաղաքացիների մակարդակով: Փողոցում մարդկանց սովորեցնում էինք, որ պոլիէթիլենի տեսակավորումը շատ կարևոր է, ու աղբից պետք է տարանջատել այն: Շուրջ 2000 ընտանիքի էինք մոտեցել, որոնք տարան տեսակավորում էին ու թափոնները հանձնում էին վերամշկման: Դրա արդյուքնում շատերը սկսեցին վերաօգտագործելի տոպրակներ կիրառել, այդ նախաձեռնությամբ «վարակել» նաև հարևաններին ու շրջապատին»,- պատմեց Մկրտչյանը:
Պոլիէթիլենային տոպրակների մեծաքանակ օգտագործումը վնասակար ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի համար: Մկրտչյանն ասաց, որ մեր քաղաքացիներից շատերը նաև սովորություն ունեն պոլիէթիլենային տոպրակները ծառերից կապելու, որը վնասում է ճյուղերն ու հետագա աճը: Ասաց՝ ասես ազգային ավանդույթի նման մի բան է դարձել դրանց օգտագործումը, մինչդեռ հաջորդ վնասակարությունն էլ գետերի ու լճերի մեջ դրանք նետելն է: Դա էլ ձկնատեսակներին է վնասում:
Հռիփսիմե Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախաձեռնել էին մրցույթներ, որոնք կնպաստեին, որպեսզի մարդիկ սկսեն կիրառել կտորե տոպրակներ, հրաժարվել պլաստիկից ու, ինչու ոչ, գնել հենց հայ տնային տնտեսուհիների պատրաստած տոպրակները, որոնք ևս վաճառվում են:
«Սկսեցինք նաև վերմշակման համար հավաքումը: Արդեն մոտ 4.5 տոննային ենք հասնում պոլիէթիլենի հավաքման առումով: Դա հսկայական թիվ է և նույնիսկ շուրջերկրյա ճանապարհորդության կբավականացներ, եթե վերածեինք մեքենայի վառելանյութի: Այդքան աղբ մենք ուղղակի փրկել ենք աղբամանից՝ գոնե դրանց երկրորդ կյանք տալով»,- ասաց Մկրտչյանը:
Աշխարհի մի շարք երկրներում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման սահմանափակումներ կան: Հայաստանը ևս կմիանա նրանց: Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված լրացումով կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների և պարկերի օգտագործումը:
1lurer.am-ը զրուցեց շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի հետ: Նա շեշետեց, որ կարգելվի դրանց իրացումը առևտրի իրականացման վայրերում, բայց բացառություն կլինեն երկրորդային հումքից պատրաստված (վերամշակված) տոպրակները:
«Ինչպես նաև բացառություն կլինեն կշռման և փաթեթավորման համար օգտագործվող պարկերը: Ընդ որում՝ շեշտված են պարկերը, որոնք առանց կանթի տոպրակներն են: Նախատեսված են, որպեսզի դրանք օգտագործվեն միայն կշռափաթեթավորման համար: Այսինքն՝ դրա մեջ չդրվի որևէ ապրանք և դուրս հանվի խանութից»,- ասաց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ օրենսդրական կարգավորման համար հաշվի են առել նաև միջազգային փորձը:
Այս փոփոխություններին սահում անցում կատարելու համար «Իմ քայլը» հիմնադրամն էլ իրականացնում է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը: 1lurer.am-ի հետ զրույցում հիմնադրամի բնապահպանական ծրագրերի համակարգող Դավիթ Շինդյանն ասաց, որ ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ վարքաբանական էքսպերիմենտ և իրազեկվածության բարձրացման արշավ:
Շինդյանն ընդգծեց՝ չափելի արդյունքների մասին խոսելն այս պահին դեռ վաղ է, քանի որ ծրագրի նպատակը հանրության շրջանում վարքագծային փոփոխություններ իրականացնելով՝ պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը հասնելն է, որը կարճատև գործընթաց չէ: Հիմնադրամի ներկայացուցչի կարծիքով՝ արդյունքները կարող ենք տեսնել՝ նաև հետևելով, թե սուպերմարկետներից դուրս եկողներից քանիսն են բազմակի օգտագործման տոպրակներով: