Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը գործողություն է սկսել արտաքին գործերի նախարարության մի շարք պաշտոնյաների դեմ, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությանը:
Ըստ ստացված տեղեկությունների՝ արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնյաներ պաշտոնական լիազորություններն օգտագործելով կատարել են բազմաթիվ ապօրինի գործողություններ և վնաս պատճառել օրենքով պաշտպանված պետության ու հասարակության շահերին: Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ:
Նախատեսված է հանրությանը լրացուցիչ տեղեկացնել քննության, հանցագործություն մեջ կասկածվող անձանց և կատարված հանցավոր գործողությունների մասին:
1lurer.am-ի հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը թեմայի առնչությամբ նշել է.
- Բավականին հետաքրքիր էր այդ նորության հրապարակումը և նման գործողությունների ձեռնարկումը: Ընդ որում՝ նշվում է, որ այս պահի դրությամբ ձերբակալվածների մեջ է նաև Էլմար Մամեդյարովի ամենամտերիմ կադրերից Ֆարհատ Մոլլազադեն, որը գործերի կառավարիչ էր՝ որպես այդպիսին: Հետաքրքիր է, որ մոտ մեկ ամիս առաջ Էլմար Մամեդյարովը ինքն էր դիմել Ազգային անվտանգության ծառայություն՝ նշելով, որ իր դեմ արվում են հստակ քայլեր, գործողություններ և զրպարտություններ: Խոսքը, մասնավորապես, այն տեղեկատվության մասին էր, որ Մամեդյարովը Նյու Յորքում բնակարաններ ունի և անշարժ գույքի է տիրապետում, և դա բուռն արձագանք էր ստացել Ադրբեջանում: Դրանից հետո Մամեդյարովը դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն:
Ընդհանրական առումով կարող եմ ասել, որ վերջին շրջանում Մամեդյարովն իսկապես հայտնվել է թիրախում: Թե ՛ ընդդիմադիր մեդիան է բավականին ակտիվ քննադատում (ընդդիմադիր ասելով նկատի ունեմ արտերկրում գործող ադրբեջանական մամուլը, որովհետև երկրի ներսում ընդդիմադիր մամուլ չկա), թե՛, ընդհանուր առմամբ, նաև իշխանության ներսում որոշակի օղակներ, իմ համոզմամբ, Մեհրիբան Ալիևայի դրդմամբ, աշխատում են Մամեդյարովի դեմ և հստակ այդ գիծն առաջ են տանում: Թե ինչի՞ սա կբերի, արդյոք արտգործնախարարն արդյունքում հրաժարական կտա և կփոխարինվի՞՝ ընթացքը ցույց կտա, բայց այդ տեսանկյունից որոշակի միտումներ արդեն բավականին վաղ ժամանակներից հստակ նկատվում են:
-Եթե ընդունենք վարկածը, որ նա հրաժարական տա, ի՞նչ անուններ եք Դուք այս պահին տեսնում:
- Եթե ընդունենք վարկած, որ, փաստացի, Մամեդյարովը 2004 թվականից, եթե չեմ սխալվում, զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը, եթե 16 տարի անց որոշեն փոխել արտգործնախարարին, դա, հստակ, նախ կնշանակի որդեգրած գծի էլ ավելի խստացում: Այսինքն՝ ավելի կոշտ կդառնան իրենց հայտարարություններում: Կարող եմ այս պահի դրությամբ նշել, որ վերջին շրջանում շատ ակտիվ է Հիքմեթ Հաջիևը, որը նախագահականի արտաքին հարաբերությունների գծով է պատասխանատու և առանձնակի ակտիվություն է ցուցաբերում թե՛ արտերկրում, թե՛ երկրի ներսում: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ էլ բազմաթիվ հարցազրույցներ է տալիս:
Եթե իսկապես Ադրբեջանը գնա նախարարի փոփոխությանը, ապա դա ըստ էության նշանակում է, որ վերջին շրջանի հայկական դիվանագիտության քայլերը փաստացի իրենց արդյունքն են տալիս, որովհետև նույն համանախագահների վերջին հայտարարությունները, որ օրեր առաջ հրապարակվեցին, հստակ արձանագրում են այն օրակարգային կետը, որը Հայաստանն է առաջ բերել՝ մասնավորապես, ուղղված մթնոլորտի առողջացմանը, փոխվստահության մեխանիզմների խորացմանը: Այսինքն՝ հայկական օրակարգը դառնում է միջազգային օրակարգի բաղկացուցիչ մի մաս: