Facebook-ն ու Instagram-ը խոստովանել են, որ ոչ ակտիվ օգտատերերի անձնական տվյալների արտահոսք են թույլ տվել։ Ոչ ակտիվ են համարվում այն անձինք, որոնք սոցցանցից չեն օգտվել մոտ 90 օր, գրում է Ferra.ru-ն։
Facebook-ից հայտնել են, որ օգտատերերի անձնական տվյալները հասանելի են դարձել մի քանի հազար հավելվածի, ինչը նշանակում է, որ ընկերությունը խախտել է իր իսկ կանոնը, որի համաձայն հավելվածները, որոնցից օգտատերն օգտվել է Facebook-ի և Instagram-ի միջոցով, չպետք է տեղեկություններ ստանան ոչ ակտիվ օգտատիրոջ մասին։
Ընկերությունը հայտնաբերել է, որ որոշ դեպքերում կողմնակի ռեսուրսները շարունակել են հավաքել ոչ ակտիվ օգտատերերի տվյալները։ Թե որքան մարդ է տուժել՝ ընկերությունը չի հրապարակել, միայն հայտնել է, որ վերջին ամիսներին օգտատերերի մասին տեղեկություններ է ստացել մոտ 5000 մշակող։
Facebook-ը նաև չի նշել, թե ինչ տվյալներն են փոխանցվել, սակայն հայտնել է, որ օգտատարերը նախապես իրենք էին թույլատրել այդ տեղեկատվության հասանելիությունը։