ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ անդրադարձավ կադրային նշանակումներին՝ ասելով, որ շատերը, չընդգրկվելով կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել արդեն նշանակված, պատասխանատվություն ստանձնած քաղաքացիներին: ԱՀ նախագահն ընդգծեց՝ պետք է ժամանակ տալ:
«Ոչ մեկի մեջ թշնամի մի փնտրեք. բոլորն էլ ունեն անցած ուղի՝ իրենց սխալներով, հաջողություններով: Ամենաքիչը պետք է դա հետաքրքրի: Ուշադրության կենտրոնում պահեք բոլորի աշխատանքը»,- ասաց ԱՀ նախագահը՝ հավելելով, որ քաղաքացիները կիմանան, թե ով ինչ լիազրություններ է ունենալու:
Անդրադառնալով խորհրդականներին ու օգնականներին, ասաց՝ նրանց ինքն է ընտրում, և դա հանրային քննարկման թեմա չէ: Այն մարդկանց, ում ընտրել է, գիտի, թե ինչպես են իրեն օգնելու ու խորհուրդ տալու:
«Որևէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու: Նրանք, որոնք չեն աշխատել են այս ընթացքում, եղել են ձևակերպված, ազատվելու են: Նրանց, ում նշանակենք՝ չաշխատեն, ազատվելու են»: ԱՀ նախագահը շեշտեց՝ պետությունից վճարվող ցանկացած քաղաքացի պետք է հաշվետվություն տա իր աշխատանքի համար: Ընդգծեց նաև, որ կլինի ուժեղ նախագահական ապարատ, որը ոչ միայն վերահսկելու է Կառավարության գործունեությունը, խորհուրդ է տալու նախագահին, այլև ուշադրության կենտրոնում է պահելու հայրենակիցների խնդիրների լուծումը: