Կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանում 2020 թվականին աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության պիլոտային ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ իրենց ուսումնասիրությամբ Հայաստանում այնտեղ, որտեղ ունեն աշնանացան ցորենի մշակություն, արտադրողականությունը բավականին ցածր է: 7 մարզում գտնվում է ցորենի ցանքատարածությունների 95 տոկոսից ավելին: Նա 7 մարզերը թվարկելու փոխարեն թվարկեց այն բացառությունները, որոնք այդ մարզերում չկան: Դրանք Արմավիրը, Արարատը և Վայոց ձորն են, իսկ մնացած 7 մարզում եղած ցորենի ցանքատարածությունները 95 տոկոսից ավելին են: 1 հեկտարի արտադրողականությունը 2 տոննայից ցածր է: Խաչատրյանի խոսքով՝ ցածր արտադրողականության հիմնական պատճառը սերմացուի ոչ բավարար որակն է: Ասաց՝ հիմնականում նախորդ տարվա ցորենից սերմացու են պահում, և հաջորդ տարվա ցանքը կատարում են այդ նախորդ տարվա սերմացուով, որը չի կարող երկարաժամկետ առումով համարել ճիշտ տնտեսավարում:
Նախարարն ասաց, որ առաջարկում են սահմանել, որ 1 կգ հաշվով 70 դրամը կվճարի կառավարությունը, եթե գյուղացիական տնտեսությունը, հաշվի առնելով այդ տեսական օգուտները՝ պատրաստ է պարենային ցորենը, որը պահել էր որպես սերմացու 100 դրամով վաճառելու համար, ապա դրան ավելացնել ևս 50 դրամ: Այսինքն՝ 150 դրամով վճարել այն 220 դրամանոց սերմացուի համար, որի 70-ն արդեն վճարում է պետությունը:
«Յուրաքանչյուր տնային տնտեսության համար առաջարկել ենք, որ առավելագույն սահմանաչափ լինի՝ մինչև 20 հեկտար ցորենի ցանքի համար»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ պետությունը սուբսիդիա կտրամադրի՝ 1 կգ համար տրվող գումարը սահմանելով 70 դրամ:
«Եթե մեկ հեկտարի հաշվով գյուղացին 2 տոննայի փոխարեն 3 տոննա ցորենի բերք ունենա, ապա դա նվազագույնը 100 դրամով կարժենա 100 հազար դրամ: Դա այն տնտեսական օգուտն է, որ իրենք կստանան յուրաքանչյուր հեկտարից: 300 կգ միջին հաշվով սերմացուի համար, եթե 120 դրամ ավելի վճարելու լիներ, ապա դա պետք է կազմեր 36 հազար դրամ՝ այդ 100 հազար դրամի դիմաց ծախսերը, որից 21 հազար դրամը վճարելու է կառավարությունը, և նա պետք է ավել վճարի 15 հազար դրամ: Այսինքն՝ 15.000 դրամ ավելի վճարելով՝ նա այս ծրագրին մասնակցելու դեպքում ստանալու է 100 հազար դրամ եկամուտ կամ 85 հազար դրամ շահույթ»,- բացատրեց նախարարը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ հավաքելու են ըստ համայնքների նախնական հետաքրքրվածության վերաբերյալ տեղեկություններ: Այն տրամադրելու են բոլոր պոտենցիալ մատակարարներին, որպեսզի կարողանան բանակցել և իրենք գտնեն իրենց գնորդներին: Սերմացուի որակի պատասխանատուն լինելու են մատակարարը և գնորդը: