Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Նորակերտ համայնքում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում խմելու ջրատարի ներքին ցանցը կհիմնանորոգվի 2650 մետր երկարությամբ, որով և կամբողջանա նախորդ տարում սկսված ծրագիրը: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 14 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը:
Համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7150 մետր, որից 4500 մետրը հիմնանորոգվել է նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով, իսկ մնացած 2650 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Համայնքի Վերին թաղամասի շուրջ 60 տնտեսության խմելու ջուր մատակարարվում է երկու օրը մեկ անգամ, քանի որ ներքին ցանցը քայքայված է: Այս ծրագիրն ուղղված է այդ խնդրի կարգավորմանը: 1400 մ երկարությամբ հիմնանորոգվելու է արտաքին ցանցից սնվող եւ դեպի օրվա կարգավորիչ ջրամբար գնացող մղման գիծը, եւս 1250 մետր էլ՝ ջրամբարից թաղամասին սնող գիծը: Այն հատվածներում, որտեղ նախկինում հիմնանորոգվել է ներքին ցանցը, արդեն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարումը: Վերին թաղամասի տնտեսություններում ջրամատակարարումը այս ծրագրով կբարելավվի, սակայն այստեղ շուրջօրյա ջրամատակարարման հասնելու համար հարկավոր է Ակունք համայնքից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարում իրականացնել վերակառուցման եւ ջրաքանակի ավելացման աշխատանքներ, ինչը ծրագրվել է կատարել եկող տարվա ընթացքում, սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում: Դրանից հետո միայն համայնքը հիմնովին կանցնի շուրջօրյա ջրամատակարարման։
Շինարարական աշխատանքների մրցույթը կամփոփվի հուլիսի վեցին, որից հետո կմեկնարկի շինարարությունը և կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: