«Նախատեսել ենք առաջիկա հինգ տարիներին տարեկան ունենալ նվազագույնը 8 տոկոս տնտեսական աճ: Ուզում եմ վստահեցնել, որ կատարվելու է, գերակատարվելու է: Իմ սպասելիքներն ու ծրագրերն այնպիսին են, որ արդեն 2021 թվականին ունենանք երկնիշ թիվ»,- հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ: Նրա խոսքով՝ Արցախում կստեղծվի շուրջ 5000 աշխատատեղ, շարունակակական կբարձրանան նաև թոշակներն ու նպաստները:
Ըստ Հարությունյանի՝ ամենամեծ խնդիրը լինելու է ոռոգումը: «Նշել ենք 40 հազար հեկտար, երբ ունենք մշակվող ընդամենը 80-90 հազար, և 4-5 տարվա մեջ 40 հազար ոռոգումը ինչ-որ տեղ ֆանտաստիկայի ժանրից է, բայց արդեն իսկ սկսված է: Մեր ամենախոշոր ծրագիրը Թարթառի ջրերի մի մասի տեղափոխումն է աջափնյա ջրանցք: Ծրագիրն արդեն սկսված է»,- ասաց ԱՀ նախագահը:
Հարությունյանը նաև հայտնեց, որ շուտով սկսելու են ներկրել ոչխարների գլխաքանակ, որը տրամադրվելու է որպես արտոնյալ վարկ: Առաջին ներմուծումը կլինի սեպտեմբեր-հոկտեմբերից: Դա կնպաստի պարենային անվտանգությանը և աշխատատեղերի, տնտեսության զարգացմանը:
«Այն չմշակված հողերը, որոնք այսօր կան, պետք է մշակել: Սա մեր գլխավոր խնդիրն է լինելու՝ անմշակ հող Արցախում չպիտի լինի»,- ասաց Հարությունյանը՝ ասելով, որ կլինի նաև պիլոտային ապահովագրական համակարգ, որպեսզի կարողանան լուծել ֆորսմաժորներում ձևավորված վնասները: Կարևոր ծրագրերից է լինելու նաև բնակարանաշինությունը:
«Հայտարարել ենք տարեկան 1000 բնակարան, բայց ուզում եմ վստահ հայտարարել, որ շատ ավելին է լինելու: Կարգախոսն է՝ յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան՝ 4-5 տարվա մեջ կյանքի է կոչվելու հիմնականում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հայտարարել են նաև մոտ 80 կմ ճանապարհի կառուցում:
Արցախի նախագահն անդրադարձավ անվճար բարձրագույն կրթության համակարգի ծրագրերին, ընդգծեց՝ որակական նոր փոփոխություն կլինի: Առողջապահության բնագավառում էլ հունվարի 1-ից կգործի 100 տոկոսով պետպատվերի ծրագիրը: Կբարձրացվի բուժաշխատողների աշխատաավարձը, առաջին քայլերը կկատարեն սեպտեմբերից: