Արցախում այսօր՝ հուլիսի 2-ին, մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը՝ հաղորդում են ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնից։ Այսօր քննություններ են անցկացվել անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն առարկաներից:
ԹԳԿ տնօրեն Յու. Քարամյանի խոսքով՝ անգլերեն քննությունն անցկացվել է երեք քննական կենտրոններում, որին մասնակցում էր 96 դիմորդն: 19 դիմորդ մասնակցել է ռուսերենի քննությանը, որը անցկացվել է մեկ քննական կենտրոնում, ֆրանսերենին մասնակցել է 2 դիմորդ: Քննությունները տևել են 2,5-ական ժամ:
«Որևէ բողոք, խախտում կամ դժգոհություն չենք ունեցել. գործընթացը եղել է հանգիստ և կազմակերպված: Յուրաքանչյուր դիմորդ հնարավորություն է ունեցել պատճենահանելու իր թեստի պատասխանները: Քննությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն 3 օր անց»,- ասել է ԳԹԿ տնօրենը:
Հուլիսի 4-ին տեղի են ունենալու քննություններ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա» առարկաներից։