Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների։
ԱԳ նախարարը երախտագիտությամբ է նշել, որ ի շարունակություն 2019 թ. հոկտեմբերին Վաշինգտոնում ունեցած հանդիպումների և ստացված հավաստիացումների՝ կոնգրեսականները հետևողական ջանքեր են գործադրում՝ Արցախի Հանրապետության հետպատերազմյան վերականգնողական գործում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող մարդասիրական օգնության շարունակականությունն ապահովելու համար:
«Անցած տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցությունը Արցախին օգնել է հոգալ տարբեր հրատապ մարդասիրական կարիքներ և հաղթահարել ադրբեջանական ագրեսիայի ավերիչ հետևանքները: Մասնավորապես՝ Ամերիկայի աջակցությունը The HALO Trust կազմակերպության՝ պատերազմի հետևանքով տուժած տարածքներում կատարվող արդյունավետ աշխատանքներին, միջազգային մարդասիրական ականազերծում իրականացնող այս կազմակերպությանը թույլ է տվել վնասազերծել տասնյակ հազարավոր ականներ և ագրեսիայի այլ մահացու մնացորդներ»,- նշել է Մասիս Մայիլյանը։
ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական աջակցությունը կօգնի երկու երկրներին շարունակելու ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև հոգալու Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնական մարդասիրական կարիքները:
Մասիս Մայիլյանը նաև շնորհավորել է կոնգրեսականներին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ անկախության պատմության ընթացքում Միացյալ Նահանգները եղել է ազատության և ժողովրդավարության արժեքների պաշտպանության առաջնագծում, ինչը ոգեշնչել է աշխարհի բազմաթիվ երկրների, ներառյալ՝ Արցախի Հանրապետությանը՝ ոտքի ելնել և պայքարել իրենց անքակտելի իրավունքների և ազատությունների համար: