Հայաստանում մենաշնորհային երևույթները նավթամթերքի շուկայում մեղմացել են 2018-ից հետո
Կառավարության նիստում այսօր քննարկվեց «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ:
«Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄ՝ ԱՏԳ ԱԱ-27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից: Կողմերը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են Հայաստանի ապրանքների ներքին սպառման արտադրության ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում և միջգերատեսչական արձանագրության կնքմամբ արձանագրում են Ղազախստանի Հանրապետությունից ՀՀ առաքվող ապրանքների ցանկը»,- նշեց Պապիկյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մոտ 1.5 տարի բանակցելու արդյունքում համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքն ավելի բարելավված պայմաններով ներկրել, որը ենթադրում է՝ վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ինչքան էլ Հայաստանում մենաշնորհային երևույթները նավթամթերքի շուկայում մեղմացել են 2018-ից հետո, դա չի նշանակում, որ վերացել են.
«Սա մեր քաղաքական հանձնառությունն է, որ մենք պետք է Հայաստանում մինչև վերջ, անմնացորդ որևէ արհեստական մենաշնորհ թույլ չտանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է քաղաքացիների, սպառողների իրավունքների պաշտպանության վրա: Մարդիկ պետք է հնարավորություն ունենան որակյալ և հնարավորինս մատչելի գնով ապրանք ձեռք բերելու համար»:
ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանն էլ արձանագրեց, որ պետական որևէ խոչընդոտ ՀՀ տարածքում այլևս որևէ տնտեսավարողի համար չկա:
«Այս նախագիծն այնքանով է կարևոր, որ մինչև այսօր ՌԴ-ից ձեռք բերվող նավթամթերքը ևս ազատված է մաքսատուրքից: Սա, ըստ էության, հավասար պայման կստեղծի նաև այլ շուկաներից ներկրման համար, և տնտեսավարող սուբյեկտները կկարողանան ավելի մեծ ծավալի ու հավասար պայմանով բենզին ներկրել: Եվ, վերջապես, կդիվերսիֆիկացնենք մեր շուկան, կհայտնվեն նոր խաղացողներ»,- նշեց Գևորգյանը: