Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության Հայաստան թափանցման առաջին իսկ օրերից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» և «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություններն իրենց ծառայություններն են առաջարկել` սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես Կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, արտակարգ ռեժիմով՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, շարունակում է իր սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների միջոցով խորհրդատվություն տրամադրել անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։ Դիմողների, հատկապես վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող աշխատանքն ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը, ինչպես նաև մեկուսացման և սոցիալական շփումների սահմանափակման կանոնների պահպանմանը, ինչն իր հերթին նպաստում է վարակի տարածման կանխմանը։ Դիմողների հետ աշխատանքը տարվում է` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, սեռը և ընտանեկան կարգավիճակը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության «թեժ գծերի» հեռախոսահամարներն են` 060 625069 և 060 627070։ Նշենք, որ մարտի 16-ից հունիսի 22-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 11120 զանգ Երևանից և բոլոր մարզերից, որից 70%-ը՝ սոցիալ-հոգեբանական աջակցության, 26%-ը՝ զուտ հոգեբանական աջակցության և 4%-ը՝ տեղեկատվության տրամադրման հարցերով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` նաև շատ կարևոր է բուժաշխատողների առողջության, այդ թվում` հոգեկան առողջության պահպանումը, ինչը ոչ միայն նրանց անձնական, այլև ողջ հասարակության հոգածության գործն է։
Առաջնորդվելով դրանով` բուժաշխատողներին ևս տրամադրվում է անվճար հոգեբանական խորհրդատվություն և «Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ» ծառայություն:
Պետություն - հասարակական սեկտոր համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական և Հայկական բժշկական ասոցիացիաները կազմակերպում են`
-
Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ` 060 834777 հեռախոսահամարով.
-
Առցանց հոգեբանական օգնություն բժիշկներին և բոլոր բուժաշխատողներին` գրանցման համար զանգահարել 099-544777 հեռախոսահամարով:
Եվ բուժաշխատողները, և Covid-19-ով դրական ախտորոշված բոլոր քաղաքացիները կարող են ստանալ`
-
հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցություն` 060834777 հեռախոսահամարով.
-
առցանց հոգեբանական օգնություն ամբողջ ծավալով` 099-544777 հեռախոսահամարով:
Արդեն իսկ շուրջ 70 շահառու օգտվել է ծառայություններից: