«Ընթացիկ եռամսյակում գնաճը դեռևս շարունակում է պահպանվել հարաբերականորեն ցածր մակարդակում: Կենտրոնական բանկը գնահատում է, որ երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում կգրանցվի տնտեսության պատմականորեն ամենախոր անկումներից մեկը, ինչը գնանկումային ճնշումներ կառաջացնի ՀՀ տնտեսության համար»,- արձանագրել է ՀՀ ԿԲ-ն՝ օրերս հրապարակած Գնաճի հաշվետվության մեջ:
Ըստ ԿԲ-ի՝ ընթացիկ գնահատումների համաձայն՝ նշանակալիորեն նվազեցվել է ՀՀ տնտեսության տարեկան աճի կանխատեսվող տեմպը՝ 2020 թվականի համար նախորդ եռամսյակում կանխատեսած 0․7%-ից իջեցնելով մինչև -4.0%: «Այն պայմանավորված է ինչպես երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության անկման խորացմամբ, այնպես էլ հետագայում վերականգնման առավել դանդաղ տեմպերի սպասումներով: ԿԲ-ն գնահատում է, որ, պայմանավորված պահպանվող մեծ անորոշություններով, մասնավոր պահանջարկի վրա կզգացվեն լրացուցիչ բացասական ճնշումներ, ուստի որոշեց արձագանքել առավել մեծ չափով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելով 0.5 տոկոսային կետով: Արդյունքում՝ գնաճը, առաջիկա ամիսներին ցածր մնալով նպատակային ցուցանիշից, միջնաժամկետ հատվածում աստիճանաբար կկայունանա դրա շուրջ»,- նշված է հաշվետվության մեջ: Ըստ ԿԲ-ի՝ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում և ամբողջ տարվա ընթացքում կլինի խթանող: