Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Հիշեցնենք, որ մինչև 2019 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թ. դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։
ԵԱՏՄ շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը` սակայն, վերանայելով ապրանքների ցանկը: Այսպիսով` ԵՏՀ կոլեգիայի 2020 թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ սահմանվել են այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր, դրույքաչափեր: Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ:
Հարկ է նշել, որ 2020 թ. հունվարի 1-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքները ներմուծելիս տնտեսավարողները մաքսատուրքերը վճարել են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող` բարձր դրույքաչափերով։ Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում է նաև 2020 թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է տնտեսավարողների համար կարևոր` վճարված մաքսատուրքերի տարբերության վերադարձման գործընթաց:
Այսպիսով` այն անձինք, որոնք 2020 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, կկարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթացն արդեն ընթանում է. կոմիտեն ստացել է դիմումներ՝ ավելի վճարված մաքսատուրքի գումարները վերադարձնելու վերաբերյալ։ Հուլիսի 1-ի դրությամբ ավելի քան 57 մլն դրամ արդեն վերադարձվել է տնտեսավարողներին, որի մի մասը ենթակա է հաշվանցման: Նախնական գնահատականով` վերադարձման ենթակա է, ընդհանուր առմամբ, 2,3 մլրդ դրամ: