Հունիսի 30-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում, վայրկյանների տարբերությամբ, երկու ահազանգ է ստացվել՝ գրեթե նույն բովանդակությամբ. Անդրանիկի փողոցի թիվ 149 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ արնանման հետքեր են հայտնաբերվել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողություններին միացել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները. արդյունքում` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի քանի երիտասարդի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում նրանցից մեկը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ապա ատրճանակից կրակոցներ արձակել մյուս կողմի մեքենայի ուղղությամբ։ Կարճ ժամանակում պարզվել էր նաև միջադեպի մասնակիցների ինքնությունը, և սկսվել էին նրանց հայտնաբերման միջոցառումներ։
Արդյունքում` նույն օրը Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձերբակալվել էր: Հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։