Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության ու փաստաբանների բողոքների քննությունը:
Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց վերաքննիչ բողոքը, որ ուղարկել էին փոստի միջոցով, դեռ չէր հասել:
«Կողմերը պետք է ծանոթանան, որ դատարանը շարունակի բողոքների քննությունը»,- տեղեկացրեց նա:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն 2017 թ. ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել և հունիսի 16-ին ԱԺ-ի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանք առաջադրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հունիսի 23-ին Դատախազությունը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Ծառուկյանին: Իրենց հերթին վերաքննիչ բողոք են ներկայացրել նաև Ծառուկյանի փաստաբանները: