Ի՞նչ ենք անում հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար՝ Կառավարության այսօրվա նիստում հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ արդեն 100-ից ավելի պատվաստանյութի նախնական տարբերակ կա, կդառնան վերջնական, բայց դրանցից միայն 20-ն են հավակնում դառնալ արդյունավետ:
Թորոսյանը մանրամասնեց, որ պատվաստանյութերի նախնական՝ առաջին և երկրորդ փուլերի հետազոտությունները սկզբնական շրջանում փորձարկվում են շատ քիչ մարդկանց վրա, հետո՝ հազար, հետո՝ տասնյակ հազարների:
«Ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը, ոչ թե մեկը: Սա շատ կարևոր է մոլորակի բնակչության համար, որովհետև նման հավաստիացում մենք չունեինք, քանի որ էսպիսի վիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել: Հիմա մենք բանակցություն ենք վարում երկու ուղղությամբ: Առաջինը՝ ուղիղ արտադրողներն են: Ես անձամբ եմ բանակցությունները վարում:
Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Այդ պատվաստանյութը ամենահավանական թեկնածուներից մեկն է: Ինչպես նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել մեծաթիվ երկրների համար, մեծաթիվ քանակներով»,- նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանի կարծիքով՝ վտանգ կա, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակությամբ պատվաստանյութ կգնեն, և մյուս երկրներին այն պարզապես կարող է հասնել շատ ուշ:
Նախարարը նշեց, որ տարբեր գնահատականներով՝ պատվաստանյութը հասանելի կլինի կամ 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին: Պարզ կլինի աշնան սկզբին՝ երրորդ փուլի հետազոտությունների ավարտին:
«Ընդհանուր փաստը, որ պատվաստանյութը լինելու է և փոխելու է իրավիճակը, ու մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին, առանց դիմակների, առանց մնացած կանոնները պահպանելու: Պետք է հետևենք ու հետ չմնանք զարգացումներից՝ շարունակելով բանակցությունները»,- նշեց Թորոսյանը:
Վարչապետն էլ հավելեց, որ պատվաստանյութի հետ կապված դրական նորություններից հետո պետք է առավել խստացնել հսկողությունը, որ մարդկանց մահվան չդատապարտենք:
«Մահերի թիվը կախված է վիճակագրությունից: Եթե շատ կոպիտ ձևակերպենք, 590 երեկվա դեպքերը նշանակում են, որ 11 մարդ այդ օրվա վիճակագրության բերումով մահանալու է: Մեզնից յուրաքանչյուրը, հակահամաճարակայի կանոնը չպահելով, մահվան է դատապարտում ինչ-որ քաղաքացու, բայց ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ այդ քաղաքացին ինքը չի լինի կամ իր հարազատներից որևէ մեկը չի լինի»,- նշեց վարչապետը: