Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի շենքի նոր պայմաններին: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համայնքային կառույցի նոր կլինիկայի շենքն ունի վիրահատարաններ, նախավիրահատական խնամքի ու հետվիրահատական բուժմանն անհրաժեշտ վանդակներ: Շուտով կլինի նաև ախտորոշիչ սարքավորումներով հագեցած լաբորատորիա:
«Կարևոր է նշել, որ սա մեր աշխատանքների առաջին փուլն է: Մենք հիմա առաջին փուլում հավաքում ենք Երևանում եղած թափառող շները, ստերջացնում ենք և բաց թողնում: Ինչի համար է սա արվում, որպեսզի վերջնականապես վերջ տանք դրանց վերարտադրմանը, և ժամանակի ընթացքում, բնականաբար, առկա քանակը փոքրանա: Այսինքն՝ նոր վերարտադրում չլինի, և նոր շներ չավելանան մեր փողոցներում: Երկրորդ փուլի ամենակարևոր մասնակիցներից մեկը մեր քաղաքացիներն են, ովքեր իրենց տներում պահում են շներ, կատուներ, մի խոսքով՝ կենդանիներ: Այսինքն՝ ամեն մարդ, ով տանը կամ բակում շուն է պահում, պետք է գրանցի այդ շանը: Հատուկ ձևով գրանցելուց հետո նաև պետք է բնակիչն արդեն՝ որպես պատասխանատու անձ, պատվաստի այդ շանը, բացի այդ, եթե էգ շուն է՝ ստերջացնի, որպեսզի վերարտադրություն չլինի: Սա այն ամենն է, ինչ ամեն քաղաքացի, ամեն բնակիչ պարտավոր են անել»,- նկատել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ Հայկ Մարությանի խոսքով՝ համայնքային կլինիկայի հնարավորություններն առաջիկայում ավելի կմեծանան. կկառուցվի ևս մեկ վիրահատարան:
«Հիմա 20-25 շուն ենք օրական ստերջացնում, մինչև 30-ի հնարավորություն ունենք ստերջացնելու, բայց ուզում ենք հնարավորություններն ավելի մեծացնել և կողքին նոր մասնաշենք ենք կառուցելու»,- նշել է քաղաքապետը:
2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում համայնքային կառույցն արդեն շուրջ 1300 շուն է ստերջացրել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է շուրջ 700 կենդանի: 2019 թվականից մինչ օրս ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ստերջացվել է 4300 շուն: