ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Երևանի Էրեբունի վարչական շրջանում իրականացվող մշտադիտարկման ու կրկնայցերի ընթացքում որևէ խանութում կամ հանրային սննդի օբյեկտում խախտումներ չեն արձանագրել:
Տնտեսավարողների այսօրինակ գործելաոճը ոչ միայն ողջունելի է, այլև գնահատելի ու օրինակելի այլ կազմակերպությունների համար: Սա նշանակում է, որ սննդի ոլորտում զբաղված բիզնեսն ականջալուր է ՍԱՏՄ հորդորներին, խորհուրդներին ու ցուցումներին:
ՍԱՏՄ կողմից իրականացվող կասեցումների դինամիկան ևս ցույց է տալիս, որ տնտեսավարողներն առավել պատասխանատվությամբ են սկսել վերաբերվել կորոնավարակով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը. այսօր տեսչական մարմնի մասնագետները կասեցրել են սննդի շղթայի միայն երկու տասնյակից մի փոքր ավելի կազմակերպությունների գործունեությունը:
Պատճառը տարածված թերացումներն են՝ ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների թերի վարելը, սեղանների և անձանց միջև սահմանված հեռավորությունը չապահովելը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը պարետի որոշումների կատարման նկատմամբ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում: