Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե հակահամաճարակային կանոնները խախտելու համար վարչական ինչ միջոցներ են ձեռնարկվել:
Ոստիկանության պետը նշեց՝ կազմվել է 2827 արձանագրություն, որից 1198-ը՝ Երևանում, 1629-ը՝ մարզերում:
«Դրանցից 2301-ը՝ հետիոտնի կողմից դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսու վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելու, 442-ը՝ մինչև 7 տեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելու, 3-ը՝ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալու և 1-ը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,- նշեց Ղազարյանը:
Վարչապետը հավելեց, որ նպատակը բնավ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ՝ ընդհակառակը:
«Մեր նպատակը՝ ընդհակառակը՝ ամբողջ հանրապետությունով բոլոր հնարավոր ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի»,- շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: