Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը Կառավարության նիստին մանրամասներ է ներկայացրել իրականացված վերահսկողական աշխատանքների մասին:
«Երեկվա տվյալներով՝ 884 ստուգում է իրականացվել, որոնցից արձանագրություններով խախտումներ են եղել 40 տնտեսավարողի մոտ: Սա, ըստ էության, որոշակի դրական դինամիկա է ենթադրում: Մեկ շաբաթվա կտրվածքով օրական անում ենք մոտ 800-900 ստուգում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվում 60, 70, 40, 50 տնտեսավարողների մոտ: Դա այն պարագայում, երբ ժամանակին նույն 800-900 ստուգումների պարագայում մենք հայտնաբերում էինք 200-300 խախտումներ: Տնտեսավարողների կողմից դրական դինամիկան կա»,- ասաց Ասոյանը:
Շարունակվում են նաև ոստիկանության հետ ուժեղացված վերահսկողական աշխատանքները տարբեր համայնքներում, ինչպես նաև տարբեր մարզկենտրոններում ու քաղաքներում: Կրկնակի ստուգայցեր են իրականացվում անմիջապես հաջորդ օրվա կտրվածքով: Ասոյանի խոսքով՝ տրանսպորտային ոլորտում խախտումները շարունակում են մնալ, երբ վարորդները փորձում են քողարկել և սահմանված թվից շատ ուղևորներ են տեղափոխում: Նա շեշտեց, որ մգեցված ապակիներով կամ վարագույրներով փորձում են փակել, քողարկել, մինչդեռ ալկոգել, գծանշումներ՝ այդ պահանջները կիրառելի են դարձել: