Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց կորոնավիրուսի համավարակի նոր դեպքերի մասին վարչապետի մտահոգությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկրում գրանցված նոր դեպքերն ու իրավիճակը:
Նախարարը հայտնեց, որ երեկվա դրությամբ գրանցվել է նոր 593 դեպք, արվել է 2100 թեստ, մահացել է 6 մարդ, իսկ 4-ը մահացել են այլ պատճառով, 473 մարդ էլ ապաքինվել է:
«Առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մոտավորապես մնում է նույնը: Այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, կան 1-2 տեղեր ԲԿ-ներում, և դրանց հաշվին կարողանում ենք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր կազմում է մոտ 650 հոգի, 44 հոգու միացված է թոքերի արհեստական օդափոխման սարք»,- նշեց Թորոսյանը:
Նախարարը հավելեց, որ այսօր այցելելու է Սպիտակի և Մարտունու ԲԿ-ներ, որոնք վերապրոֆիլավորվել են և հագեցած են լինելու անհրաժեշտ սարքավորումներով, թե՛ թթվածնային հագեցվածությամբ:
«Այս պահին բժշկական օգնության սպասող քաղաքացիների թիվը 11 է, որից 4-ը միջին ծանրության են, 7-ը՝ թեթև, ևս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ: Այս մասով վիճակը հարաբերական կայուն է: Կարծում եմ, որ պետք է նույն կերպ շարունակենք»,- հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ բերելով ԱՄՆ-ի օրինակը. այն նահանգներում, որտեղ դիմակի կրումը պարտադիր է, կա ավելի բարվոք վիճակ, նկատվում է կայունացում, թվերի իջեցում, իսկ այն նահանգներում, որտեղ չի պարտադրվում դիմակ կրել, համաճարակաբանական վիճակը շատ վատ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ առավոտյան, միջազգային լրատվությանը հետևելով, արձանագրել է, որ աշխարհի գերզարգացած երկրներ կան, որոնց ուղերձը նոր է փոխվում՝ կապված դիմակ կրելու հետ: Վարչապետը հետաքրքրվեց նաև շուկայում դիմակների գնի փոփոխությամբ:
ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը հաստատեց՝ շուկայում դիմակների գներն անկում են ապրել, բայց այլ խնդիր կա.
«Ներկրված դիմակները, քանի որ ներկրվել են որոշ ժամանակ առաջ, ունեցել են թանկ գին, իսկ տեղական արտադրության դիմակները 60 դրամ են, ու հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ: Հայաստանից դիմակների արտահանում մի անգամ արդեն կատարվել է 60 դրամով: Հիմա մենք երկու խնդրի աառաջ ենք կանգնել. եթե չենք թողնում դիմակների արտահանում, ապա տնտեսավարողները ստիպված են լինելու, միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառել, իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն. 60 դրամ՝ տեղականը, իսկ դրսինը՝ մի փոքր ավելի թանկ»:
Վարչապետը հիշեցրեց այս ընթացքում դիմակների հետ կապված խնդիրներն ու դեֆիցիտը սկզբնական շրջանում, նաև արտակարգ դրության սկզբնական փուլերը՝ դիմակ կրել-չկրելու հետ կապված:
«Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ: Հիմա կարող ենք անցնել երրորդ փուլ: Մեր բոլոր քաղաքացիներին կարող ենք կոչ անել կրել միայն գործարանային արտադրության դիմակ»,- ասաց վարչապետը: