«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Հիպոկրատի երդում տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ:
Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոֆեսորադասախոսական կազմը:
Բոլորի կողմից սպասված, ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի չնայած մարդաշատ չէր, սակայն սպասված էր, խորհրդանշական ու կարևոր ոչ միայն շրջանավարտների, այլև պրոֆեսորադասախոսական կազմի և համայն հայության համար: Ներկաները ևս մեկ անգամ իրենց հարգանքն ու խոնարհումը հայտնեցին առաջնագծում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի դուրս եկած, կռվող Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողներին։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով ներկաներին և գիտական խորհրդի հեռավար նիստին մասնակցող համալսարանականներին նշեց, որ չնայած բոլոր դժվարություններին՝ օրը հանդիսավոր է և հուզիչ:
«Շուրջ մեկ դար այս շենքում կերտվել, կոփվել են բժշկապետներ, բժիշկներ, բուժաշխատողներ, որոնք ապահովել են մեր ժողովրդի բժշկական անվտանգությունը: Հուզիչ է՝ չեմ տեսնում գիտական խորհրդի անդամների հպարտությամբ լցված աչքերը, սերունդներով դաստիարակված մեր բժիշկներին, մեր շրջանավարտներին, որոնք խրամատներում այսօր ապահովում են մեր ժողովրդի առողջությունն ու կյանքը: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ և համոզված ասում եմ, որ տարիներ շարունակ այս շենքի առջև տրված երդումները հասել են իրենց նպատակին»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը՝ հիշեցնելով մեծանուն Շառլ Ազնավուրի՝ հերացիականներին ուղղված մարդասեր լինելու պատվավոր կոչը: «Բոլորս հզոր լույսի պես ճեղքելով մեր ժողովրդի կյանքը վտանգող խավարը՝ պարտավոր ենք միասնական ռազմաճակատով պատասխան տալ: Դուք պետք եք, դուք կարող եք և դուք հաղթող եք»,- հորդորեց Արմեն Մուրադյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ողջունեց հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապօգնության մեքենաներում հեռավար նիստին հետևող շրջանավարտներին: «Այս ամիսներին դուք անում եք մի աշխատանք, որը նույնքան կարևոր է, որքան զինվորի և զինվորականի կատարած գործը սահմանին: Դուք մեզ պաշտպանում եք ամբողջ աշխարհը պատած անտեսանելի հարձակումից: Այս բուհի որակյալ կրթությունը ստացած, այս բուհն ավարտած մասնագետները բուժօգնություն են ցույց տալիս ինչպես Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին»,- ասաց նախարարը՝ հավելով, որ պետությունը գնահատում է բժշկի կատարած աշխատանքը և գնահատելու է ապագայում:
Այնուհետև շքեղ լուսավորված պատմական շենքի բակում Հիպոկրատի երդում տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ։ Շրջանավարտներն իրենց երդման առաքելությունը պատվիրակել էին իրենց սիրելի դեկաններին, որոնք ողջույնի խոսք ասացին և շնորհակալություն հայտնեցին սիրելի ուսանողներին՝ կյանքի կարևոր առաքելություններից մեկը՝ Հիպոկրատի երդումը, իրենց վստահելու համար:
«Մենք բժշկություն ենք ճանապարհում լավագույն սերնդին: Ձեզանից յուրաքանչյուրը հոգևոր հանձնառություն և բարոյական պատասխանատվություն ունի մեր ժողովրդի առջև»,- ասաց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը:
Շրջանավարտներին ողջունեց նաև ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, ավելի քան կես դար առողջապահական համակարգում մասնագիտական գործունեություն ծավալած բժիշկ Մելանյա Շմավոնյանը։