Այսօր՝ հուլիսի 2-ին, պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման առնչությամբ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոններում և կրկնայցեր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Էրեբունիում տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել:
«Փեթակ» տոնավաճառում էական խախտումներ գրեթե չեն հայտնաբերվել, տաղավարներում առկա են եղել ինչպես ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, այնպես էլ դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները և գծանշումները:
Այլ է իրավիճակը «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Այստեղ ՇՎՏՄ-ի աշխատակիցները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել, հիմնականում բացակայում են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, որոշ տեղերում առկա չեն նաև հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թեթիկները:
Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ և ներկայացվում Պարետատուն:
ՇՎՏՄ-Ի կողմից մշտադիտարկումները Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են:
Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ պարետի մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն, շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: