Այսօր նշանակված Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է մեղադրյալների բացակայության պատճառով: Պաշտպանները հայտնել են, որ դատական նիստերի դահլիճը փոքր է, սոցիալական հեռավորությունն ու պարետատան կողմից սահմանված այլ կանոններն անհնար է պահպանել:
Դատավոր Վահե Միսակյանը պնդել է հակառակն ու ասել, որ հաջորդ դատական նիստերին մասնակիցների բացակայությունը կհամարվի անթույլատրելի: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: