Ֆրանսիան դադարեցրել է մասնակցությունը Լիբիայի ափերի մոտ ռազմածովային գործողությանը Թուրքիայի հետ վեճից հետո: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ին, որում հույս է հայտնում, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հավատարիմ է Լիբիայի նկատմամբ զենքի էմբարգոյի պահպանմանը:
Գործողությունից հրաժարվելը կապված է Միջերկրական ծովում ֆրանսիական և թուրքական նավերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ, որից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջադեպն անվանել է «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» վկայություն: Նա նաև նշել է, որ Թուրքիայի գիծը անհամատեղելի է իր դաշինքի երկիր կարգավիճակի հետ:
Անկարան կտրուկ արձագանքել է Մակրոնի հայտարարությանը՝ այն անվանելով «մտքի մթագնում»: Բացի դրանից՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Փարիզը անմիջականորեն պատասխանատու է Լիբիայում տիրող քաոսի համար, քանի որ տարիներ շարունակ աջակցել է մարշալ Խալիֆա Հաֆթարի՝ Լիբիայի ազգային բանակի դաշտային ապօրինի կազմավորմանը: