ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձ է հղել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության դատախազությունն իր ավելի քան 100-ամյա պատմության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման գործում:
Հայաստանի առջև կանգնած ներկա մարտահրավերների և հասարակական կյանքի տարբեր բնագավառների դինամիկ զարգացման պայմաններում, երբ մեր պետությունն անցնում է լրջագույն փորձությունների և փոփոխությունների միջով, Հայաստանի դատախազությունն իր կոչմանը հավատարիմ, շարունակում է գործել օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների հիման վրա՝ երաշխավորելով քննչական մարմինների վարույթում քննվող գործերով նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունը, պետության գույքային շահերի, ինչպես նաև քրեական վարույթներում ընդգրկված անձանց իրավունքների և օրինական շահերի լիարժեք պաշտպանությունը:
Այսօր, առավել քան երբևէ, առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ՀՀ դատախազության պատասխանատու դերակատարումը նախկինում կատարված կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման և քննության, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու, արդարության հաստատման և պետությանը պատճառված վնասի վերականգնման գործում: Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների մասնագիտական փորձառության, արհեստավարժության և ընդգծված նվիրումի շնորհիվ ՀՀ դատախազությունը կշարունակի պատվով կատարել իր պատասխանատու առաքելությունը՝ էապես նպաստելով երկրում իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:
Կրկին շնորհավորելով ՀՀ դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր աշխատանքային հաջողություններ»,- ասված է ուղերձում: