1lurer.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս պահին արդեն 45 սպանդանոց կա, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է այդ թիվը հասցնել 80-ի:
Հայաստանում պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման Կառավարության որոշումն այսօրվանից մտել է ուժի մեջ: 1lurer.am-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս պահին արդեն 45 սպանդանոց կա, որոնք կա՛մ աշխատում են, կա՛մ արդեն ունեն աշխատելու բոլոր հնարավորությունները:
«Սպանդանոց կառուցելու հայտատուները շատ էին՝ 270-ից ավելի, բայց մոտ 80-ը որոշեց սկսել շինարարական աշխատանքներ: Սակայն մի մասը կանգ է առել նախագծման փուլում, մի մասը՝ հողի նշանակության փոփոխման, մի մասը բուն շինարարական գործընթացի կամ ներքին հարդարման փուլում է: Մի մասն էլ ունեին շինություններ և այդ շինությունները պետք է հարմարեցնեին, վերանորոգեին ու դարձնեին սպանդանոցներ»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը:
Ավետիսյանի խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է 80-ից ավելի սպանդանոց ունենալ: Գրեթե բոլոր մարզերում սպանդանոցների հարցը լուծված է, բացի Շիրակի մարզից:
Անդրադառնալով տարեսկզբին սպանդանոցների դեմ բողոքի ալիքին՝ Ավետիսյանն ասաց, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ պնդում է, որ դժգոհողները հիմնականում վերավաճառողներն էին:
«Նրանց նպատակը հիմնականում վաճառելն էր հիվանդ, սատկած կենդանիների միս, որոնք գնում էին շատ էժան ու վաճառում թարմ մսի փոխարեն: Այդ ընթացքում բարձրացված բողքի ալիքը հանգեցրեց նրան, որ իրազեկումն ավելի մեծացավ: Հաստատվեցին այն պնդումները, որ սպանդանոցային մորթին ու անվտանգ մսին այլընտրանք չկա: Այս ընթացքում նույնիսկ շատ վերավաճառողներ սկսեցին սպանդանոցներ կառուցել»,- ասաց Ավետիսյանը:
Մշտադիտարկումներն ու ստուգումները կլինեն շարունակական, պարտադիր կլինի նաև սպանդանոցային մսի համար անաասնաբուժական փաստաթղթի՝ 5-րդ ձևի առկայությունը:
«Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ իրենք կարող են այդ փաստաթղթերը կեղծել, պատճենահանել ու բերել այլ կենդանու, մսի փաստաթղթի տեղ օգտագործել: Ուզում եմ միանգամից հիասթափեցնել՝ մենք բոլորը QR կոդերով ստուգելու ենք և համոզվելու ենք, որ այդ միսը դուրս է եկել սպանդանոցից և բժշկական փաստաթուղթը հենց այդ մսի համար է»,-շեշտեց Ավեստիսյանը:
Տեսչական մարմինը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել սպանդանոցների անասնաբույժների համար: Դիմել են Ռազմավարական զարգացման գործակալությանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ու համատեղ իրականացնում են 6-շաբաթյա պարապմունքներ: